Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Անձն իր չափով է ազդում գործընթացների վրա, համակարգը` իր»

«Անձն իր չափով է ազդում գործընթացների վրա, համակարգը` իր»
23.06.2017 | 08:30

Ազգային ժողովում, ընդդիմադիրների բուռն քննադատության մթնոլորտում, կառավարությունն այս շաբաթ հաստատեց իր ծրագիրը։ «Ելքն» ու «Ծառուկյան» դաշինքը քարը քարին չթողեցին, «կենացային», «հռչակագրային» որակեցին Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության ծրագիրը և թերահավատորեն վերաբերվեցին նրա բոլոր խոստումներին։ «Ծառուկյան» խմբակցության անդամ, գյումրեցի ՎԱՐԴԵՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ հարցրինք` ծրագրում ոչ մի դրական բան չկա՞ Գյումրու համար։

-Գյումրու և Շիրակի մարզի զարգացման համար ոչ մի դրական միտում չկա,- ասաց պատգամավորը։- Իրավիճակի բարելավմանը միտված։ Նման տնտեսական աճով հնարավոր չէ լուրջ ակնկալիքներ ունենալ։ Մեր խմբակցության և վարչապետի հետ հանդիպման ժամանակ ես նրան ասացի, որ եթե Գյումրիում չենք ստեղծում ներդրողների համար հրապուրիչ միջավայր, մեր սեփական բյուջեով էական հաջողության չենք կարող հասնել։
-Իսկ այն բյուջեն, որն ունի այսօր Գյումրու քաղաքապետարանը, արդյունավե՞տ է օգտագործվում։
-Այժմ չեմ կարող ասել` արդյունավե՞տ են օգտագործվում բյուջեի գումարները, բայց իմ այսօրվա կարգավիճակը հնարավորություն է ընձեռում վերահսկողություն սահմանելու բյուջեի ծախսերի վրա։ Առաջիկայում, երբ ուսումնասիրենք այդ միջոցների օգտագործումը, Ձեզ անպայման կիրազեկեմ։ Բայց, որպես քաղաքապետի նախկին թեկնածու, ես Գյումրու խնդիրները կսկսեի լուծել ծայրամասերից։
-Ինչպե՞ս եք գնահատում Գյումրու քաղաքապետի աշխատանքը։
-Իհարկե վատ։ Եթե նորմալ աշխատանք լիներ, ժողովուրդը գոհ կլիներ։ Եթե գնաք Գյումրի, կտեսնեք, թե ինչեր են այնտեղ կատարվում։ Եթե Հայաստանում 30 % աղքատություն կա, ապա Գյումրիում կրկնակի մեծ է այդ ցուցանիշը։
-Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմնակիցները կարծում են, որ նրա ժամանակ է քաղաքը քաղաք դարձել։
-Եթե կողմնակից են, իհարկե, պետք է այդպես խոսեն։ Բայց այս կամ այն չինովնիկի աշխատանքի իրական գնահատականը տալիս է քաղաքում տիրող մթնոլորտը։
-Այդուհանդերձ, կառավարությունը խոստանում է 5 %-ով աճ, աշխատավարձերի 25 %-ով բարձրացում, գործազրկության նվազում։ Մի՞թե սրանք դրական քայլեր չեն։
-5 %-ով աճը չի կարող առկա վիճակից փրկություն լինել։ Ժողովուրդն ինչքա՞ն կարող է սպասել։ Հասկանում եմ, որ պետություն չեն ստեղծում մեկ սերնդի համար, բայց ինչքա՞ն կարող է ժողովուրդը համբերել, հավատալ ու սպասել։ Մարդիկ ոչ մի դրական քայլ չեն տեսնում, ինչպե՞ս կարող են հավատալ կառավարությանն ու նրա ծրագրին։
-Ի՞նչ եք սպասում իշխող քաղաքական ուժից։
-Շատ ոլորտներում հեղափոխական մոտեցում են ցուցաբերում։ Այստեղ է հարկավոր հեղափոխական մոտեցում, որ ժողովուրդը հավատա խոստումներին ու մնա իր երկրում։ «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրի 15 կետերը կարող էին երկիրը լիովին փոխել ու վերականգնել մարդկանց հավատը։
-Բայց հասարակությունն այդ աստիճանի չհավատաց ձեզ ու ձեր ծրագրին, այլապես դուք հիմա իշխանություն կլինեիք։
-Թե ինչու չվստահեց, պետք է հարցնեք հասարակությանը։ Վստահել է այն չափով, որ մենք երկրորդ ուժն ենք խորհրդարանում։ Մենք առաջարկում էինք իրատեսական ծրագիր, որը շատ կարճ ժամանակահատվածում իրական արդյունքներ էր ապահովելու։
-Ի՞նչ եք կարծում` անձե՞րն են պատճառը, թե՞ համակարգը, որ մեր երկրի տնտեսական վիճակը բարվոք չէ, վստահության մթնոլորտ էլ չկա։
-Կարծում եմ` ստեղծված իրավիճակը և՛ անձերով, և՛ համակարգով, և՛ մոտեցումներով է պայմանավորված։ Անձն իր չափով է ազդում գործընթացների վրա, համակարգը` իր։

Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 6798

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ